5 տարի հետո ունենալու ենք աշխարհի ամենալավ կադաստրներից մեկը․ Սարհատ Պետրոսյան

29.10.2018
5 տարի հետո ունենալու ենք աշխարհի ամենալավ կադաստրներից մեկը․ Սարհատ Պետրոսյան

Ս․թ․ օգոստոսի 9-ին Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակվեց ճարտարապետ-քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը։ Պաշտոնը ստանձնելուց հետո կոմիտեի երիտասարդ ղեկավարը նախևառաջ փոխել է կոմիտեի նախկին ղեկավարից աշխատասենյակում մնացած կեսմիլիոնանոց աթոռը՝ նախընտրելով պարզ ու հասարակ աշխատանքային աթոռ, ապա անցել ոլորտը բարեփոխելու լրջագույն քայլերի։ Արդեն ներկայացված է կառույցի զարգացման 5-ամյա ծրագիրը, և Սարհատ Պետրոսյանը համոզված է, որ 5 տարի հետո ունենալու ենք բոլորովին այլ, որակապես նոր կադաստր։ Անկախ-ի հետ զրույցում կոմիտեի ղեկավարը խոսել է նոր կադաստր ունենալու իր տեսլականի և արդեն իսկ այդ ուղղությամբ ձեռնարկած համակարգային փոփոխությունների մասին։

-Նոր կադաստր։ Սա այն կարգախոսն է, որը պաշտոնի ստանձնման օրվանից Դուք առաջ եք տանում։ Ո՞րն է դրա հիմնական բովանդակությունը և արդյոք մե՞ծ է այն ջրբաժանը, որը կա հին համակարգի և նորի միջև, որը փորձում եք կառուցել։

-Իրականում ջրբաժանը հնի ու նորի միջև մեծ է, բայց ոլորտի սպեցիֆիկան, գործի յուրահատկությունը դրանք նաև մոտեցնում է: Եթե, օրինակ, շատ պետական կառույցներում դու կարող ես հին աշխատակազմը փոխել և բերել լրիվ նոր մարդիկ, կադաստրի դեպքում չես կարող այդպես անել: Այնպես որ, նոր կադաստրը հնի շարունակողն է, բայց նոր խնդիրների և նոր արժեքների վրա հիմնված։

-Կառույցի առջև դրված նոր խնդիրներին դեռ կանդրադառնանք, մինչ այդ խոսենք առհասարակ կադաստրի կոմիտեի մասին։ Երևի թե կհամաձայնեք, որ շատերն անգամ տեղյակ չեն դրա գործառույթների և այդ համակարգի կարևորության մասին։ Կարո՞ղ եք հնարավորինս մատչելի ձևով ներկայացնել ոլորտի դերը, կարևորությունը։

-Իրականում կադաստրի գործառույթներում մենք փոփոխություն չենք մտցրել, այլ աշխատելաոճի մեջ ենք մտցրել: Բայց քանի որ կադաստրը նախկինում իր բնույթով եղել է փակ կառույց, հանրությունը չի իմացել, թե կադաստրը ինչ գործառույթներ է կատարում: Մարդկանց մոտ կադաստրն ընկալվել է իբրև անշարժ գույքի գրանցման կառույց: Հիմա մարդիկ զարմանում են, որ այստեղ նաև քարտեզագրությամբ են զբաղվում, աշխարհագրական անուններով են զբաղվում և այլն: Ընդհանուր առմամբ, կադաստրը մի մարմին է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հողային քաղաքականությունը: Այսինքն, դա շատ լայն մոտեցում է, դա ցանկացած քաղաքաշինական կամ մարդածին գործունեության առաջին ու վերջին կետն է: Կոպիտ ասած, ես որպես կադաստրի ղեկավար քաղաքաշինական գործընթացի սկիզբն ու վերջը «վերահսկողն» եմ, իսկ մնացած ընթացքը այլ կառույցների գործառույթների մեջ են: Մենք, փաստորեն, պատասխանատու ենք, որ այդ բոլոր գործընթացները լինեն Հայաստանի Հանրապետության շահերից բխող, ՀՀ քաղաքացիների շահերից բխող և օրենքի շրջանակներում, իսկ ամենաֆունդամենտալ խնդիրն այն է, որ մենք պետք է պաշտպանենք և փայփայենք այն հողերի տեսակները, որոնք արժեքավոր են (գյուղատնտեսական հողեր, անտառներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ և այլն): Հաջորդ խնդիրն այն է, որ մենք պետք է պաշտպանենք հանրային ունեցվածքը: Այսինքն, այն պետական հողերը, որ ժամանակին մսխվել են և հիմա էլ փոքր հավանականությամբ կարող են մսխվել, մենք փորձում ենք դրա դեմն առնել, որպեսզի չփոշիացնենք հանրային ունեցվածքը:

-Դուք համակարգային լուծումների կողմնակից եք, իսկ «կրիզիս մենեջմենթը» խորհուրդ եք տալիս կիրառել չափավոր չափաբաժնով։ Որո՞նք են ոլորտի հիմնական խնդիրները, որ պետք է համակարգային լուծում ստանան։

-Առաջին բնորոշիչը, որ մարդիկ տալիս էին կադաստրին, կոռուպցիան էր: Եվ այսօր մեր ցանկացած քայլ՝ թե´ երկարաժամկետ, թե´ կարճաժամկետ, ուղղված է կոռուպցիայի վերացմանը։ Գործընթացների ավելի վերահսկելիության, դերերի ճիշտ վերաբաշխման միջոցով մենք փորձում ենք նվազեցնել այն ռիսկերը, որ կարող են լինել որոշումների կայացման և իրավական ձևակերպումների վրա: Այսօր մենք ունենք 6 տարածքային ստորաբաժանում և 40 գրասենյակ: Մեր վերջնական նպատակը լինելու է այն, որ դրանք կենտրոնանան, և մենք չունենանք նախկին պատկերը, երբ կադաստրի տարածքայինի պետերը տեղում հարց լուծող ֆեոդալիկներ էին: Վերջնական արդյունքում տարածքային ստորաբաժանումներն այլևս չեն լինելու, այլ լինելու են գործառնական ստորաբաժանումներ, այսինքն ստորաբաժանումները բաշխվելու են ըստ գործառույթների: Այստեղ բնականաբար ռիսկեր կան, օրինակ՝ Գյումրիում ու Վանաձորում մոտ 100 մարդ է աշխատում, և մենք չենք ուզում մեկ գրչի հարվածով այդ բոլոր մարդկանց անգործ թողնել: Այսինքն, մենք միայն կոռուպցիայի դեմ պայքարը դրոշ չենք դարձրել կամ էլ միայն արդյունավետ կառավարումը, այլ հասկանում ենք նաև այս ամենի սոցիալական ֆակտորը և փորձում ենք հնարավորինս դա մեղմել: Հանգիստ խղճով կարող ենք ասել, որ այս բարեփոխումների ընթացքում չունենք խոցելի խավի գեթ մեկ ներկայացուցիչ, որն իր ճիշտ տեղում ազնվորեն աշխատում էր և հիմա համակարգում չէ:

-Այո, բայց դատելով Ձեր բռնած ճանապարհից՝ թվայնացում, կենտրոնացում և այլն, մի օր անխուսափելիորեն գալու եք նրան, որ հաստիքներ են կրճատվելու:

-Այո, մենք անխուսափելիորեն գալու ենք դրան, բայց հնարավորինս փորձելու ենք դրա ռիսկերը նվազեցնել: Բոլորս գիտենք, որ պետական կառավարման համակարգը ուռճացված է, և ուզենք, թե չուզենք այդ ցավալի ճանապարհով պիտի անցնենք: Պարզապես պետք է փորձենք, որ այդ ճանապարհը հնարավորինս պակաս ցավոտ լինի: Մենք կարող ենք ասել՝ դե լավ, թող պետությունն իր փողերը ծախսի, պահի ցածր աշխատավարձով մեծ թվով աշխատողներ։ Բայց իմ անձնական դիրքորոշումն այն է, որ պետք է ունենանք ավելի պակաս, բայց բարձր աշխատավարձով և պրոֆեսիոնալիզմով աշխատողներ: Իսկ այն մարդիկ, որ տարիներ շարունակ ցածր աշխատավարձով մնում էին պետական համակարգում, պետք է դուրս գան և ստեղծեն ավելացված արժեք բիզնեսում, գյուղատնտեսությունում և այլն։

-Կադաստրի համակարգում այս պահին քանի՞ մարդ է աշխատում։

-Շուրջ 700 և ավելի։

-Իսկ մոտավոր հաշվարկներ կա՞ն, թե վերջնարդյունքում քանի տոկոսն է կրճատվելու։

-Ես կդիմանամ այդ գայթակղությանը և չեմ ասի այդ թիվը, բայց որ կպակասի՝ դա հաստատ։

-Պարոն Պետրոսյան, վերջին շրջանում շատ է քննարկվում կադրային քաղաքականության հարցը՝ կադրային ջարդ, հին ու նոր համակարգերի աշխատողների «բախումներ» և այլն։ Ձեզ մոտ կադրային քաղաքականությունը ի՞նչ սկզբունքների վրա է դրված, և արդյո՞ք հարթ է ընթանում այդ խնդրի լուծումը։

- Արդեն ասացի, որ կադաստրը բավականին փակ կառույց է եղել։ Եթե մնացած գերատեսչություններում շատ ավելի հաճախ են եղել փոփոխություններ, այստեղ ոչ այնքան։ Ստեղծման օրվանից ես 4-րդ ղեկավարն եմ, այսինքն, «ռեսթարթի» առիթներ քիչ են եղել կադաստրում։ Բայց ես, այստեղ գալով, առաջին օրվանից տեսել եմ պատրաստակամ, պրոֆեսիոնալ թիմ և շատերից ստացել եմ հավաստիացում, որ պատրաստ են նոր պայմաններում այլ կերպ աշխատել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ իր կյանքում պետք է ունենա հնարավորություն ուղղելու նախկին սխալները, և ես բոլորին տվել եմ այդ սխալն ուղղելու հնարավորություն, ինչի համար նաև քննադատությունների եմ ենթարկվել։ Շատերի համար անձամբ իմ վրա վերցրել եմ քաղաքական պատասխանատվություն։ Գնացել ենք այդ քայլին, որպեսզի կարողանանք շատ արագ բարեփոխումներ անել։ Կոպիտ ասած՝ ես ունեի երեք ճանապարհ․ մաքրել համակարգը բոլոր այն մարդկանցից, որոնց հետ կապված ինչ-որ ռիսկեր կային և այլն, բայց այս դեպքում համակարգը կարող էր ուղղակի փուլ գալ, մյուս ճանապարհն այն էր, որ մենք կարող էինք այնքանով հեռացնել, որ համակարգը մի կերպ աշխատեր, մինչև կհամալրեինք մասնագետներով, բայց այս դեպքում բարեփոխումները պետք է ավելի ուշ իրականացնեինք, իսկ ես կարծում եմ, որ մենք Հայաստանի անկախության ժամանակահատվածում առանց այն էլ շատ ժամանակ ենք կորցրել, և երրորդ ճանապարհը՝ եթե մենք ուզում ենք արագ բարեփոխումներ իրականացնել, ապա չենք կարող ժխտել այն մասնագիտական ներուժը, որ կա պետական համակարգում և պետք է այդ ներուժը օգտագործել։ Ես կարծում եմ, որ այն մեսիջները, որ տալիս է Հայաստանի նոր կառավարությունը և այն մեսիջները, որ ես տալիս եմ ներսում, բավարար հիմք են, որպեսզի մենք երկրորդ հնարավորություն տանք այդ մարդկանց աշխատելու։ Համենայնդեպս, դեռ չեմ փոշմանել, բայց եթե հանկարծ սխալվեմ, պատրաստ եմ ընդունել և շտկել իմ սխալը, որևէ կաշկանդվածություն այդ առումով չունեմ։ Իմ պահանջը հետևյալն է՝ պրոֆեսիոնալիզմ, օրինականություն, նվիրվածություն։ Վերջինն իհարկե յուրաքանչյուրն ինքն է որոշում, բայց առաջին երկուսի դեպքում որևէ շեղում չպետք է լինի։

-Ցանկացած բարեփոխում նաև որոշակի դիմադրության է արժանանում։ Այս բարեփոխումների հետ կապված ընդվզումներ կա՞ն հանրության շրջանում, որովհետև գիտենք, որ հատկապես այս ոլորտում կոռուպցիան կարծես թե երկուստեք պահանջված է եղել։

-Բնականաբար, շատերի մոտ դժգոհություն կա, որովհետև նախկինում մարդիկ փող էին տալիս և հարցերը այդպես էին լուծում։ Այստեղ էլ կա երկու ճանապարհ․ կա՛մ մենք փորձում ենք մի քիչ աչք փակել, որպեսզի մարդիկ կադաստրից դժգոհ չմնան, մենք էլ դիվիդենտներ շահենք, կա՛մ մենք այսօրվանից քաշում ենք գիծը և այլևս չենք անում նախկին խախտումները։ Մենք ընտրել ենք երկրորդ ճանապարհը։ Այս հարցում մենք փորձում ենք մեր քաղաքացիներին բացատրել և ստանալ նրանց մանդատը, որ եթե ուզում ենք ունենալ օրինական պետություն, պետք է մի քիչ չարչարվենք, բայց երկարաժամկետ կտրվածքով մենք ունենալու ենք մի համակարգ, որից բոլորն են գոհ լինելու։

-Համակարգային փոփոխությունների արդյունքում ի վերջո ի՞նչ է փոխվելու մեր հասարակության ու մեր երկրի կյանքում։

-Մենք հասնելու ենք նրան, որ կադաստրը հնարավոր լինի աշխատացնել ինքնաշխատ ձևով, առանց թղթի, այսինքն, յուրաքանչյուր պրոցես հնարավոր կլինի անել տնից, համակարգչի դիմաց, վճարելով և առանց կադաստր գալու։ Կարծում ենք, որ 2020-ի վերջին, առավելագույնը՝ 2021-ի ընթացքում, հասնենք դրան։ Նույնիսկ հնարավոր է, որ ավելի շուտ էլ հասնենք։ Բայց որքան էլ մենք որոշումները արագ ենք ընդունում և բազմաթիվ փոփոխություններ ենք անում, բոլորը փորձարկում ենք։ Բարեփոխումները ներառված են ընդամենը մի շաբաթ առաջ հաստատված մեր հնգամյա ծրագրում, և ես հույս ունեմ, որ ի վերջո մենք կունենանք առցանց, ինքնաշխատ և «անթուղթ» կադաստր։ Ավելի անկեղծ՝ ես հույս ունեմ, որ 5 տարի հետո մենք ունենալու ենք բառիս բուն իմաստով աշխարհի ամենալավ կադաստրներից մեկը, իսկ դա իր հետ բերելու է և՛ քաղաքաշինության ոլորտի, և՛ հուշարձանների պահպանության, և՛ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության շատ ավելի արդյունավետ համակարգ, այդ ամենը նաև շատ դրական ազդեցություն է ունենալու տնտեսության զարգացման տեսանկյունից։ Բերեմ պարզ օրինակ․ եթե առաջ դուք ուզում էիք Երևանում ինչ որ հողատարածքում, ենթադրենք, հյուրանոց կառուցել, դուք նախ Կադաստրում կամ Երևանի քաղաքապետարանում գտնում էիք ծանոթ, որ կարող էր ասել, թե Երևանում որտեղ հարմար հող կա, հետո անհասկանալի ձևով այդ հողը գնում էիք համայնքից, հետո ինչ-որ այլ մարդկանց էիք գումար տալիս, որ ձեզ թույլ տան այդտեղ ոչ թե երկու, այլ չորս հարկ կառուցել, և նման անվերջ պրոցես։ 5 տարի հետո մենք ունենալու ենք մի համակարգ, որ ցանկացած ներդրող աշխարհի ցանկացած վայրից կարողանա տեսնել, թե որտեղ կան համայնքային հողեր, այդ հողերի վրա ինչ կարելի է անել և ինչ չի կարելի անել և խնդիրը մեկ շաբաթում կամ տասը օրում լուծել,մինչդեռ նախկինում միայն խնդիրը հասկանալու և որոշում կայացնելու համար դուք հսկայական ժամանակ և սև փողեր պետք է ծախսեիք։

-Լինելով ճարտարապետ՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում այս ոլորտում։ Կա՞ ստեղծագործելու դաշտ։

-Ես ճարտարապետ-քաղաքաշինարար եմ, իսկ կադաստրը քաղաքաշինության հիմքն է։ Բնականաբար, պետական համակարգում այն ազատությունը չունես, ինչ որմասնավոր ոլորտում, բայց կարծում եմ՝ այն տեմպը, որ հիմա կա կադաստրում, ստիպում է բոլորիս ստեղծագործաբար մոտենալ գործին, որովհետև այլ կերպ ուղղակի հնարավոր չէ այս տեմպին դիմանալ (ծիծաղում է)։ Այդ առումով շատ ուրախ եմ, որ այս ոլորտն են ինձ վստահել, որովհետև ոչ միայն ես եմ նոր բան սովորում, այլև մենք կարողանում ենք կադաստրը մոտեցնել քաղաքաշինությանը, և այն խնդիրները, որ տարիներ ի վեր չեն լուծվել, փորձում ենք լուծել։ Զրուցեց՝ Անի Գասպարյանը

Նյութի աղբյուր՝ ankakh.com