ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին հաշվետվության սեղմագիր

20.01.2016
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին հաշվետվության սեղմագիր

 Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2015 թվականին հավաքագրվել է շուրջ 3 միլիարդ 330 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազել է շուրջ 12 %-ով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 822 միլիոն դրամ, որը նվազել է շուրջ 7 %-ով: Իրականացվել է շուրջ 179870 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում (նվազել է 16 տոկոսով), տրամադրվել է գույքի ու դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ շուրջ 311029 տեղեկատվություն (աճել է 8,6 %-ով):

  «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 15.01.2015 թվականի N 111-Ն որոշմամբ նախատեսվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացնել ծրագրի` 64-րդ, 65-րդ կետերի միջոցառումները և 33-րդ, 34-րդ կետերի գերակա խնդիրները, որոնք ամբողջությամբ և սահմանված ժամկետներում կատարվել են:

  Այսպես`

 64-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2015 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2015 թվականի մարտի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը սահմանված ժամկետում կատարվել է և 19.03.2015 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 275-Ն որոշումը.

Որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության հողա­յին օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներից` որի համաձայն ըստ նպատակային նշանակության հողերի կադաստրային գները յուրաքանչյուր տարի հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը կիրառվում է պետական և համայնքային հողերը օտարման, վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու և այլ դեպքերում:

 65-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2015 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը սահմանված ժամկետում կատարվել է և 15.10.2015 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 1189-Ն որոշումը:

  Որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, որի համաձայն հողամասերն անկախ սեփականության ձևից ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրակա­նացվում է հողամասերի որակի ու քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների մասին ամբողջական տվյալներ ստանալու նպատակով: Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանա­կական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆի­կական փաստաթղթերում: Հողային ֆոնդում Հայաստանի Հանրա­պետու­թյան օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, այդ թվում` նպատակային նշանակությունների ու սեփականության սուբյեկտների, հողատեսքերի ու գործառնական նշանակությունների, ինչպես նաև ոռոգվող հողերի կազմում: Այս բոլոր ընթացիկ փոփոխությունները տարեկան կտրվածքով ենթակա են պետական հաշվառման և պետք է արտացոլվեն Հայաստանի Հանրապետության ընթացիկ հողային հաշվեկշռում, որի տվյալներից օգտվում են շահագրգիռ բոլոր պետական մարմինները, ոչ պետական կազմակերպություններն ու անձինք:

Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվե­տվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  33-րդ կետ- ՀՀ համայնքների սահմանների ամրացում և (ՎԻ ՋԻ ԷՍ-84) <<WGS-84>> համակարգի ամբողջական ներդրմանավարտումորից այլ մարմիններ և անձինք հնարավորություն կունենան օգտվելու

  2015 թվականին այս ուղղությամբ նախատեսված 57189.5  հազ. դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքներն ամբողջությամբ կատարված են:

Աշխատանքի հիմնական նպատակն է հանդիսացել WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության 3 մարզերում (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի) մնացած 102 համայնքների վարչական տարածքների համար նույնպես իրականացնել տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրում և արդյունքում բացահայտված անճշտությունների վերացում, համայնքների վարչական սահմանների սահմանագծերի հանութային և շրջադարձային կետերի կոորդինատների վերահաշվարկում, որի արդյունքում այդ համայնքներում (Արագածոտնի մարզ` 61, Արարատի` 27, Արմավիրի` 14) ևս ունենք բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներ, ինչպես նաև համայնքների սահմանների հանգուցային և շրջադարձային կետերի կոորդինատներ` կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:

Աշխատանքների իրականացման ընթացքում հիմնական ուշադրություն է դարձվել տեղագրական և կադաստրային քարտեզներում ու հատակագծերում առկա ճանապարհային ցանցին, ջրագրությանը, թաղամասերի արտաքին սահմանագծին, համայնքների վարչական սահմաններին, գծային օբյեկտներին և տարածքում առկա հստակ արտահայտված այլ խոշոր օբյեկտներին (շինություն, պարիսպ և այլն): Թվային տեղագրական քարտեզները հիմնականում ստեղծվել են համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքների ավարտից հետո, տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա, հնարավորություն չէր ընձեռվում դրանք համադրել և այսօր առկա տեխնիկական հնարավորությունների կիրառմամբ նշված երկու քարտեզների համադրման շնորհիվ հնարավոր է դառնում բացահայտել տեխնոլոգիական պատճառներով տեղ գտած շեղումներն ու վերացնել դրանք: 

Ծրագրի իրականացման  համար անհրաժեշտ է եղել`

1) աշխատանքների իրականացման տեխնիկական նախագծերի կազմում /ըստ մարզերի/.

2) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում և դրա արդյունքում առաջացած անճշտությունների ուղղում.

3) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրման արդյունքում հայտնաբերված  անճշտությունների դաշտային հանութագրում /ընդհանուր  տարածքի մակերեսի մինչև 2%-ի չափով/.

4) համայնքների վարչական սահմանների սահմանագծերի հանութային և շրջադարձային կետերի կոորդինատների վերահաշվարկում և կատալոգների կազմում:

Կատարվել են ժամանակացույցով սահմանված հետևյալ աշխատանքները`

- Տեխնիկական 3 նախագծերի կազմում,

- դաշտային դիտարկումների հիման վրա 2787 շրջադարձային կետերի որոշում, ուրվագծերի կազմում, կոորդինատների որոշում,

- 2787  սահմանանիշերի դաշտային դիտարկումների արդյունքների մշակում, հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում և կատալոգների կազմում,

-102 համայնքների կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների քարտեզների համադրման աշխատանքներ,

- Տեխնիկական 3 հաշվետվությունների կազմում:

Նկատի ունենալով, որ մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում նույն աշխատանքներն իրականացվել են նաև Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր համայնքներում, ուստի պետք է փաստել, որ համայնքների վարչական սահմանների սահմանագծերի հանգուցային և բնորոշ կետերի ամրացումն ու դրանց կապակցումը WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ազգային գեոդեզիական ցանցին 2015 թվականին ամբողջությամբ ներդրվել ու ավարտվել է, որից այլ մարմիններին ու անձանց օգտվելու հնարավորություն է ընձեռվել, բաց հրատարակման էլեկտրոնային քարտեզները տրամադրվել են բոլոր նախարարություններին ու մարզպետարանների միջոցով` համայնքներին: 

Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված քարտեզագրագեոդեզիական նյութերի հիման վրա հետագայում հնարավոր կլինի իրավական ձևակերպում ստացած համայնքների վարչական սահմանների սահմանագծի հանգուցային կետերն ամրացնել բնության մեջ, ինչը թույլ կտա համայնքներին ունենալ պատշաճ ձևակերպված և տեղանքում ամրացված վարչական սահմաններ` իրենց կոորդինատներով և ուրվագծերով, որը հնարավորություն կտա ցանկացած պահին վերականգնել ոչնչացված սահմանանիշի գտնվելու տեղը:

34-րդ կետ-ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (շահառուներիհամար բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծում Գյումրի քաղաքում  (1396.1 հա) 

2015 թվականին այս ուղղությամբ նախատեսված 64108.1 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքները ամբողջությամբ կատարված են:

2015 թվականին իրականացված աշխատանքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում բազային երկրատեղեկատվական ընդհանուր համակարգի մաս կազմող` Գյումրի քաղաքի 1396.1 հեկտար տարածքի քարտեզագրական հիմքի ստեղծումն է: Նշված աշխատանքները Գյումրի քաղաքի վարչական տարածքում սկսվել են 2013թ. (917,3 հա), շարունակվել են 2014 թ. (820 հա), 2015թ. (1396.1 հա) և ֆինանսավորման առկայության դեպքում անհրաժեշտ է շարունակել մինչև համայնքի ամբողջ տարածքը (4429,5 հա) ավարտելը, որից հետո այդ նույն աշխատանքները իրականացնելու անհրաժեշտություն կլինի նաև հանրապետության մնացած բոլոր քաղաքներում: 2005-2012թթ. նշված ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել նաև Երևան քաղաքում: Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջները բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման արդյունքում կունենանք տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում արտացոլող տեղեկատվական բանկ, որը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ խնդիրների լուծման համար:

Հայաստանի Հանրապետության բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկը պարունակում է գրաֆիկական և տեքստային հետևյալ տվյալները.

1.   Վարչական սահմանը.

2.  Աշխարհագրական անվանումները.

3.  Անշարժ գույքը, այդ թվում` հողային ֆոնդը, շենք, շինությունները, գտնվելու վայրը (հասցեն), կադաստրային ծածկագիրը.

4.  Ջրագրությունը.

5.  Ռելիեֆը.

6.  Գծային ենթակառուցվածքները, այդ թվում.

1) երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական, տեղական նշանակության).

2) գազատարներ, ջրատարներ, նավթամուղեր (վերգետնյա, ստորգետնյա).

3) հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա).

4) բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա).

5) կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):

Գյումրի քաղաքում սույն ծրագորվ իրականացվել են հետևյալ աշխատանքները`

- Տեխնիկական նախագծի կազմում.

- գրասենյակային 1396.1 հա վերծանում.

- դաշտային 1396,1 հա վերծանում.

- նախորդ տարիների կատարված երկրատեղեկատվական և կադաստրային 1637.3 հա նյութերի համադրում օդալուսանկարների հետ և ճշգրտում.

- նախորդ տարիների կատարված 1637.3 հա նյութերի ճշգրտում.

- ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների 1396,1 հա հանութագրում կառուցապատ տարածքներում.  

- օդալուսանկարների հիման վրա 1396,1 հա հատակագծերի թվայնացում.

- բազային ԵՏՀ համար 22337,6 հա շերտ անհրաժեշտ շերտերի ստեղծում, դասակարգում, թերթերի համակցում

- բազային ԵՏՀ համար 139610 տարր տվյալների հավաքագրում և ներմուծում տվյալների բազա.

- Տեխնիկական հաշվետվության կազմում: