Հայաստանի մայրաքաղաքում բնակարանների գների ֆենոմենալ «կայունությունը» (աղյուսակ)
27.10.2015
Արդեն երկար ժամանակ է՝ մայրաքաղաքային բնակտարածքի պաշտոնական գներում գործնականում բացակայում է դինամիկան: Այսպես, 2013-ի ապրիլից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական համայնքում 1 քառակուսի մետր բնակտարածքի գինն ուղիղ 428 հազար դրամ է: Այս ժամանակահատվածում առավելագույն թանկացում («քառակուսին» 5,8 հազար դրամով) արձանագրվել է քաղաքից մեկուսացած փոքրիկ Նուբարաշենի տարածքում:
Այդ ընթացքում ԱՄՆ-ի դոլարը Հայաստանում արժեւորվել է ավելի քան 15%-ով: Դրա արդյունքում բնակարանների «քառակուսու» գինն այդ տարադրամով զգալիորեն նվազել է (տես ներքոբերյալ աղյուսակը): Գաղտնիք չէ, որ անշարժ գույքի, այդ թվում նաեւ բնակարանների առք ու վաճառքի գործարքների զգալի մասն իրականացվում է հենց դոլարով (չնայած փաստաթղթերում ձեւակերպվում է դրամով): Այդ մասին են վկայում համացանցում բնակարանների վաճառքի մասին բազմաթիվ հայտարարությունները:
Ի՞նչ գներ են առկա այդ նույն «հեղինակավոր» Կենտրոն թաղամասում: Կայքերում հաճախ հանդիպում են բնակարանների վաճառքի մասին հայտարարություններ, որտեղ շարքային քաղաքացիների համար ֆանտաստիկ գներ են նշված: Օրինակ՝ 400 հազար դոլար: Խոսքը ոչ թե մրգատու այգով երկհարկանի առանձնատան մասին է, այլ բարձրահարկ շենքում «ամենասովորական» բնակարանի, բայց՝ ավելի քան երկու հարյուր քառակուսի մետր բնակմակերեսով: Դրա համար էլ «քառակուսու» գինն արդեն այնքան էլ «ֆանտաստիկ» չի թվում՝ 1538 դոլար: Այնուամենայնիվ, պաշտոնական գնից ավելի քան 1,7 անգամ բարձր է: Բայց չէ՞ որ հանդիպում են քառակուսի մետրը ավելի քան 2 հազար դոլար արժեցող բնակարաններ:
Կա նաեւ ընդունելի գին ունեցող բնակտարածք: Ասենք՝ փոքրիկ մի բնակարան (23 քառակուսի մետր մակերեսով) առաջին հարկում, հեռավոր խորհրդային տարիներին կառուցված, որը հնարավոր է որպես գրասենյակ օգտագործել: «Քառակուսու» գինը 935 դոլար է, ինչն իհարկե պաշտոնական գնից բարձր է:
Կենտրոն վարչական տարածքի եզրին գտնվող բնակարանները նկատելիորեն ավելի էժան են, քան փոքր կենտրոնում: Պատահում է նույնիսկ, որ 1 քառակուսի մետրի արժեքն այնտեղ հավասարվի միջին պաշտոնական գնին: Ենթադրենք, թե դա համապատասխանում է իրականությանը: Ստացվում է, որ Կենտրոն տարածքում վաճառվում են միայն «ծայրամասային» բնակարանները, այն էլ՝ ամենաէժանները: