Աշխարհի ամենահարուստ մարդու կալվածքներն ու առանձնատները (լուսանկարներ)

08.05.2015
Աշխարհի ամենահարուստ մարդու կալվածքներն ու առանձնատները (լուսանկարներ)

Բիլ Գեյթսն աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել 16 անգամ։ Business Insider լրատվական պորտալը հրապարակել է լուսանկարներ, որոնք ներկայացնում են Microsoft ընկերության համահիմնադրի անշարժ գույքը, գրում է Корреспондент-ը։

Իր ժամանակի մեծ մասը Գեյթսն անցկացնում է Վաշինգտոն նահանգում գտնվող առանձնատանը, որի տարածքը գերազանցում է 20 ք/կմ-ն, իսկ առանձնատունը հագեցած է բազմաթիվ բարձրտեխնոլոգիական հնարավորություններով։      

Գեյթսն առանձնատունը գնել է 1988-ին 2 մլն դոլարով, այժմ փորձագետներն այն գնահատում են ավելի քան 60 անգամ թանկ։

Նախորդ տարի աշնանը միլիարդատերը 18 մլն դոլարով գնել է 228 ակր տարածքով ագարակ։ Այն բացի ագարակից ներառում է ձիարշավարան, գրասենյակ, բուժկետ, այգի։

Գեյթսին է պատկանում նաև Ֆլորիդա նահանգի Վելինգթոն քաղաքում գտնվող ձիերի ֆերման։ Այն նա գնել է 8.7 մլն դոլարով՝ 2013-ին։

Իր սեփական Cascade ներդրումային ընկերության միջոցով նա միջոցներ է ներդնում հյուրանոցային բիզնեսում։ Մասնավորապես՝ նրան է պատկանում Charles Hotel-ը Քեմբրիջում՝ Մասաչուսեթս նահանգում։

Գեյթսին է պատկանում նաև Four Seasons հյուրանոցային ցանցի բաժնետոմսերի գրեթե կեսը։

2013-ին Գեյթսը և մի շարք անանուն գնորդներ ավելի քան 161 մլն դոլար են վճարել Սան Ֆրանցիսկոյում Ritz-Carlton հյուրանոցի համար։ Այժմ հյուրանոցը գնահատվում է ավելի քան 200 մլն դոլար։

Գեյթսի ներդրումային ընկերությունը մոտ 28 մլն դոլարով ձեռք է բերել ավելի քան 4.500 հա գյուղատնտեսական տարածք Ֆլորիդա նահանգում։