Նիկոլ Փաշինյանը առաջարկում է պետական բյուջեն ավելացնել էլիտար թաղամասերում ու էլիտար շենքերում և տներում բնակվողների գույքահարկերն ավելացնելով

13.11.2018
Նիկոլ Փաշինյանը առաջարկում է պետական բյուջեն ավելացնել էլիտար թաղամասերում ու էլիտար շենքերում և տներում բնակվողների գույքահարկերն ավելացնելով

Կառավարության պարտականությունն է վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա ինքն իր ուժերին: Այսօր Ազգային ժողովում ՀՀ 2019 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված են 350 000 աշխատող, որոնք իրենց վճարած հարկերով իրենց ուսերին են կրում սոցիալական, կրթության, առողջապահության ոլորտների, ճանապարհների նորոգման ու շինարարության և այլ համապետական խնդիրների պարտավորությունները:

«Մեր խնդիրն է վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա իր ուժերին, հավատա,որ ինքը կարող է բարիք ստեղծել և հույս ունենալ, որ կառավարությունը կաջակցի այս պրոցեսին»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` հեղափոխություն արած քաղաքացին պետք է իրավունք ու հնարավորություն ունենա բարիք ստեղծելու: Իսկ պետական բյուջեն Փաշինյանն առաջարկում է ավելացնել էլիտար թաղամասերում ու էլիտար շենքերում և տներում բնակվողների գույքահարկերն ավելացնելով:

«Մենք ունենք հաշվարկ, որ գույքահարկի 1 տոկոսի նկատմամբ արդար դրույքաչափ սահմանելով` մենք երկրում հավաքագրվող ամբողջ գույքահարկի չափը կկրկնապատկենք: Այսինքն, եթե մենք էլիտար ունեցվածքը հարկենք այդ տրամաբանությամբ, մենք կարող ենք կրկնապատիկ ծավալ ստանալ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` այս նախաձեռնությունը դեռ փորձագիտական գնահատման փուլում է, բայց այն, իր համոզմամբ, կարող է հեղափոխական շրջադարձի հնարավորություն տալ: