Երևանում բնակարանների գները թանկացել են

13.01.2017
Երևանում բնակարանների գները թանկացել են

Ըստ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ 2016թ. նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15 հազար 18 գործարք։ Այդ գործարքների քանակը, համեմատած նախորդող հոկտեմբեր ամսի, ավել է 231-ով։

Անշարժ գույքի ոլորտում իրականացված գործարքների գրեթե 37 %-ը բաժին է ընկել Երևանին, իսկ հաջորդ ամենամեծ գործարքների տոկոսային՝ 10 % ցուցանիշով աչքի է ընկնում Կոտայքի մարզը։

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներում առավել մեծ թիվ են կազմել այլ պետական գրանցումները, որոնց հաջորդել են օտարման գործարքները, դրանց էլ, իրենց հերթին, առաջնային գրանցումները։

Ամենաքիչ քանակով գործարք իրականացվել է վարձակալության նկատմամբ։

Ազգային վիճակագրական ծառայության տվալներով՝ 2016-ի նոյեմբերին, համեմատած 2015-ի նույն ամսվա հետ, աճել է Երևանի բոլոր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները։

Եթե 2015-ի նոյեմբերին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակարանի 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները կազմում էր 243 հազար 600 դրամ, ապա 2016-ի նոյեմբերին այն 244 հազար 300 է եղել: Իսկ Արաբկիրում բնակարանի 1 քմ մակերեսի գինը 650 դրամով ավելացել է։

Բացի այդ, Երևանի բոլոր վարչական շրջաններում, բացառությամբ Նուբարաշենի, ավելացել է նաև բնակելի տների 1 քմ արժեքը։