«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում շահագործման հանձնվեց ևս 452 բնակարան
29.06.2016
«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց ևս 452 բնակարան:
Բնակարանների նորամուտի բացման արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Համալիրում հավաքված նորաբնակները ազգային երգ ու պարով դիմավորեցին ՀՀ Նախագահին: Համալիր շենքի բացման կարմիր թելը կտրեցին նրա փոքրիկ բնակիչներից երկուսը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի Ավան վարչական շրջանում կառուցված համալիրն ամենամեծն է մինչ այժմ կառուցված շենքային համալիրներից:
Հարցին, թե ովքե՞ր են բնակարանների շահառուները՝ Քարամյանն ասաց, որ բնակվելու են այստեղ մանկավարժներ, դասախոսներ, բանկային ոլորտի, ՏՏ ոլորտի աշխատակիցներ և երիտասարդ այլ մասնագետներ:
Քարամյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրի ավարտից մինչ օրս՝ 2007, 2008, 2011 և 2016թթ-ին բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը փոփոխության չի ենթարկվել. այն կազմում է 560 դոլարին համարժեք դրամ:
Քարամյանի խոսքով՝ հաշվի առնելով որոշ դիմողների խնդրանքները՝ բարձրացվել է նաև տարիքային շեմը, և հանրագումարային տարիքը սահմանվել է 70 տարին: Բացի այդ նա հայտնեց, որ 2018թ-ի մարտ ապրիլ ամիսներին իրենք ամփոփելու են ծրագիրը։
Ըստ այդմ էլ՝ ընդհանուր համագումարով 2600 բնակարան հանձնվել է շահագործման, այսինքն՝ 2600 երիտասարդ ընտանիք 10 տարվա ընթացում այս ծրագրի շրջանակներում դարձել է բնակարանատեր: